«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա արեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։
Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ:
Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և այս պահին ռեկտորի պարտականություննը կատարող Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հարցի լուծումը չեն ստացել, համալսարան են գնալու և սպասելու են Կառավարության կողմից խնդրի լուծմանն ու պատասխանին, թե ինչու օրենքով ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր ռեկտոր չէ:
«Մենք պետք է օրենքով շարժվենք, ոչ թե ինչ-որ պատգամավոր վեր կենա ու իր ուզածը խոսի, լավ է՝ գոնե վերջին մի քանի տարվա ընթացքում սովորել են և ասում են՝ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև նախկինում տվյալ տիկինն իր կարծիքը ներկայացնում էր որպես դառը իրականություն»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այս հավաքը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ չէ, և այդ պնդումը միայն հիվանդ երևակայության արդյունք է: Նա շեշտեց, որ ՀՊՏՀ-ն ավելի կազմակերպված է աշխատում, քան յուրաքանչյուրը կարող է պատկերացնել, և սա է հենց խնդիրը, որ այդ կազմակերպվածության ֆոնին նրանք ռեկտոր չունեն:
Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում։










