Բարեփոխման արդյունքում սոցիալական մարմիններում ունենալու ենք 135 հաստիքի կրճատում. Աննա Ժամկոչյան

12:48 • 22.09.20

Դուք պետք է լավ հիմնավորեք, որ երբ որ միավորում ենք ու այդ ինտեգրվածի անունը դնում ենք համալիր, ի՞նչ է փոխվում, սոցիալական ծառայության մատուցման որակը բարձրանո՞ւմ է, թե ոչ: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանին, որը ներկայացնում էր «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով կառավարությունն առաջարկում է նախատեսվող սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ:

Աննա Ժամկոչյանը նշեց, որ այս պահին ունեն սոցիալական ապահովման ծառայության 50 տարածքային մարմին, 51 զբաղվածության գործակալության տարածքային կենտրոն և 55 սոցիալական աջակցության տարածքային մարմին, միավորելով այս մարմինների տարածքային կենտրոնները մեկ մարմնում՝ 49 տարածքային կենտրոնով արդեն իսկ կառուցվածքային մեծ բարեփոխում են իրականացնում:

Նա նշեց, որ այդ բոլոր մարմիններում այս պահին 1825 հաստիք կա՝ ներառյալ նախարարության հաստիքները, և բարեփոխման արդյունքում ունենալու են 135 հաստիքի կրճատում և մոտավորապես 1130 հաստիքով նոր մարմին: «1825-ից մնալու է 1690 հաստիք, բայց ներառված են նաև նախարարության և սոցիալական ապահովության ծառայության հաստիքները, իսկ բուն համալիր սոցիալական ծառայության հաստիքակազմը կլինի շուրջ 1130»,-ասաց նա և նշեց, որ բարեփոխման  արդյունքում աշխատավարձերը կբարձրանան: