«Խոհանոցում «Նովիչոկ» պատրաստեցի, ինքնաթիռում խմեցի ու ընկա կոմայի մեջ». Նավալնին սարկազմով է պատասխանել իր թունավորման վերաբերյալ Պուտինի հայտարարությանը

11:47 • 23.09.20

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր ֆեյսբուքյան էջում սարկազմով անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  խոսքերին առ այն, որ ինքը, հնարավոր է, ինքնուրույն է կուլ տվել թույնը:

«Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկերոջն ասել է. «Նավալնին, հնարավոր է, ինքն է կուլ տվել թույնը»: Լավ տարբերակ է: Կարծում եմ՝ դա արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության: Խոհանոցում «Նովիչոկ» պատրաստեցի: Ինթնաթիռում թաքումն շշից խմեցի: Կոմայի մեջ ընկա: Դրանից առաջ համաձայնության եկա  կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ տեղափոխեն Գերմանիա բուժման, նրանք ոչ մի դեպքում թույլ չեն տա դա անել: Մեռնել Օմսկի հիվանդանոցում և հայտնվել Օմսկի դիահերձարանում, որտեղ կգրանցվեր մահվան պատճառը` «բավականաչափ ապրել է». դա է իմ խորամանկ ծրագրի վերջնական նպատակը:
Բայց Պուտինը գերազանցեց ինձ: Նրան այդքան հեշտ չես խաբի: Արդյունքում ես հիմարի պես 18 օր կոմայի մեջ պառկած էի, բայց չհասա նպատակիս: Սադրանքը ձախողվեց»,-գրել է ռուս ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: 

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: