«Տոկոսային առումով, այո՛, քիչ է». Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի ստացած 100,000, ՀՅԴ-ի՝ 50,000 ձայների մասին

16:05 • 23.09.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «Ազատութուն» ՌԿ-ի հետ զրույցում անդրադարձել է դիտարկմանը, թե Ռուբինյանը, խոսելով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցության համատեղ հանրահավաքին, ասել է, որ այդ ուժերը, գործիչները հանրային վստահություն չունեն, և դիտարկմանը, թե գործող իշխանության օրոք ԲՀԿ-ն ստացել է 100,000 քվե, ՀՅԴ-ն՝ 50 հազար, արդյո՞ք դա քիչ է:

«Տոկոսային առումով, այո՛, քիչ է: Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ ընտրություններից արդեն մոտ երկու տարի է անցել, տարբեր փոփոխություններ են եղել, տարբեր գործողություններ են եղել, բայց եթե պարզ պատասխանեմ, այո՛, դա քիչ է»,- ասել է պատգամավորը:

Դիտարկմանը, թե ընտրություններից հեռանալը նաև ի վնաս իշխանության է աշխատում, Ռուբինյանն արձագանքել է. «Բայց ոչ այս դեպքում»:

Հարցին՝ Ռուբինյանը կգումարե՞ր վերը նշված 100,000 և 50,000-ներին նաև ՀՀԿ-ի՝ մոտ 60,000 ընտրողներին, պատգամավորն արձագանքել է.

«Ես կարծում եմ՝ մենք հիմա սխալ տրամաբանությամբ ենք գնում, որովհետև մի բան է համապետական ընտրությունը, երբ տարբեր ուժեր ստանում են ձայներ, որի ժամանակ նշված ուժերից ընդամենը մեկն է հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, և մեկ այլ բան է, երբ ինչ-որ ուժեր անբովանդակ օրակարգով փորձում են իշխանափոխության հարց դնել Հայաստանի վերջին տասնամյակների պատմության մեջ առաջին անգամ լեգիտիմ ընտրված և բարձր վարկանիշ ունենալ շարունակող իշխանության վերաբերյալ»:

Հարցին՝ պատգամավորը որտեղի՞ց գիտի, որ իշխանությունը բարձր վարկանիշ ունի, Ռուբինյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ դա, ընդհանուր առմամբ, ակնհայտ է, այդ թվում՝ քաղաքացիների հետ շփումներից և տարբեր հարցումներից»: