Վարչապետի պատասխանին ենք սպասում, բայց հացադուլը շարունակելու ենք. ակցիա՝ Կառավարության դիմաց

11:21 • 23.09.20

Երեկ գիշերվանից Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ են սկսել ՌԴ մեկնել ցանկացողներից քսանը:

Նրանցից մեկը նշեց, որ անձամբ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ասել է, թե սահմանների չբացվելը կապված է համավարակի ցուցանիշների հետ:  «Բայց նա հուսադրեց, որ կփորձի ելք գտնել, որ այս 200 հոգու հարցը լուծվի: Սպասում ենք վարչապետի պատասխանին, բայց հացադուլը շարունակելու ենք»:

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ այլ երկրներից թույլատրվում է ՌԴ մեկնել, իսկ Հայաստանից՝ ոչ, ակցիայի մասնակիցը նշեց, որ ըստ վարչապետի ներկայացրածի՝ երկրներ կան, որտեղ ցուցանիշները կեղծվում են, և թվերն արհեստականորեն քիչ են ներկայացվում:

Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի խոսքի՝ խնդրի լուծումը ընտանիքների վերամիավորումն է, քանի որ այստեղ վարձով ապրողներին արդեն տանից դուրս են հանել: «Խնդիրները բազմաթիվ են: Ժողովրդի ձեռքը ֆինանս չկա»:

Նա նշեց, որ այսօր շատերը լսել են այն կոչերին, որ պետք է գան Հայաստանում ապրելու, թողել են ամեն ինչ, եկել են և ապրել չեն կարող, որովհետև տարբերակներ չկան կայանալու: