Հացադուլը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հարցը ստույգ լուծում չի ստացել. ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անում Կառավարության դիմաց՝ ցամաքային սահմանը հատելու հնարավորության պահանջով (տեսանյութ)

13:11 • 23.09.20

Մենք պահանջում ենք Կառավարությունից, որպեսզի բանակցեն Ռուսաստանի Դաշնության հետ և բացեն սահմաններ։ Այս մասին Կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացի Վարդան Վարդանյանը:

Նշենք, որ Կառավարության դիմաց Ուսաստանի Դաշնություն մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներն անժամկետ հացադուլ են իրականացնում:

Քաղացու խոսքով՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ տարբերակներ են քննարկվել քաղաքացիների տեղափոխման գործընթացը փուլ առ փուլ կազմակերպելու համար։ «Հացադուլը անժամկետ է և ի սկզբանե ասել ենք, որ հացադուլ լինելու է այնքան ժամանակ, մինչև հարցը ստույգ լուծում ստանա, իսկ վարչապետը հստակ ժամկետ չի ասել, հավաստիացրել է, որ հետևողական կլինի և լուծման եզրեր կգտնի»,- նշել է նա:

Քաղաքացի Վարդան Վարդանյանի խոսքով՝ հացադուլ իրականացնողներից գրեթե բոլորը Հայաստանի քաղաքացիներ են: Ըստ նրա՝ խնդիրները հիմնականում երեքն են ՝ընտանիքների վերամիավորում, արտագնա աշխատանքի և ուսանողների ուսման շարունակություն։ «Մարդիկ կան՝ տուն ունեն, մարդիկ կան՝վարձով կամ հարազատների տանն են ապրում: Մարդիկ տարիներով Ռուսատանում ապրում են վարձով, իրենց բարեկեցիկ կյանքն են ստեղծել, ընտանիք կա, որ կինը երկու երեխայով եկել է, իսկ մյուս անչափահաս երեխան մնացել է ամուսնու մոտ և ամուսինը չգիտի՝ այնտեղ աշխատի, վարձը վճարի, գումար ուղարկի, որ ընտանիքը պահի, թե երեխային պահի:

Դեպքեր էլ կան, որ ամուսինն է եկել, սակայն չգիտի 100-150 հազարով ինքը աշխատի, թե վարձ ուղարկի, որ իր ընտանիքը չմնա փողոցներում: Շատ մարդիկ են այդ խնդրի մեջ»,- նշեց ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս է՝ նրանք բողոքի ակցիաներ են անում, սակայն, ինչպես իրենք են նշում, նրանց բողոքը լսող չկա։