«Ինչո՞ւ է այդքան գումար ծախսել պլաստիկ վիրահատության վրա, եթե դեմքը ծածկում է դիմակով». Թրամփը Բայդենին ծաղրել է դիմակ կրելու համար

11:05 • 23.09.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական առաջին հեռուստաբանավեճից մեկ շաբաթ առաջ նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից դեմոկրատ Ջո Բայդենին ծաղրել է արտաքին տեսքի և պարտադիր դիմակ կրելու սովորության համար: Այս մասին տեղեկացնում է thehill.com կայքը:

«Նրան դուր է գալիս դիմակը և դա նորմալ է: Անկեղծ ասած՝ ինչո՞ւ է նա այդքան գումար ծախսել պլաստիկ վիրահատության վրա, եթե դեմքն անընդհատ ծածկում է դիմակով»,-կատակել է Թրամփը:

Սա Թրամթի նմանատիպ առաջին կատակը չէ Բայդենի մասին, ավելի վաղ նա մրցակցին կնքել էր «Քնկոտ Ջո» մականունով:

Ի տարբերություն Թրամփի քարոզարշավի, Բայդենի քարոզարշավի շրջանակներում հանդիպումները ավելի սակավամարդ են լինում:

«Ես անհամբեր սպասում եմ Թրամփի հետ բանավեճի փուլ դուրս գալուն և նրան պատասխանատվության ենթարկելուն: Կարծում եմ՝ գիտեմ, թե ինչպես կարգի բերել խուլիգաններին»,-իր հերթին հայտարարել է Ջո Բայդենը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 3-ին, դրանցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: