Սահմանը պետք չէ անցնել․ վաղը ես էլ պաշտոնի չեմ լինելու, դու էլ հոգնելու ես այդ հարցով զբաղվելուց, իրար կարող է էլի հանդիպենք. Ներսես Երիցյանը՝ Մանուել Մանուկյանին (տեսանյութ)
Դուք չեք տիրապետում իրավիճակին, քանի որ չեք տվել վարկային արձակուրդ: Այս մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, ասաց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրել է «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ:
Մանուել Մանուկյանը նշեց, որ եթե երկիրը հինգ ամիս արտակարգ դրության մեջ է, չի կարող երեք ամիս տրվել վարկային արձակուրդ, առավելևս մարդկանցից տոկոսներ են գանձվել: Նա նաև ասաց, թե Կենտրոնական բանկն այս ընթացքում վատ է աշխատել և թիկունքից հարվածել է իրավական գիտելիքներ չունեցող անպաշտպան քաղաքացուն:
«Ես սա դավադրություն կարող եմ համարել խոտ հնձողին, կարտոֆիլ մշակողին: Հայաստանի Հանրապետության վարչապետն է ասել, որ որոշողը ժողովուրդն է, դուրս եկեք և հարցրեք դուք պրոֆեսիոնալ եք, թե ոչ»,- ասաց նա:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նախ նշեց, որ պրոֆեսիոնալները դիլետանտներից տարբերվում են նրանով, որ իրենց ոչ թե զգացմունքներին և երևակայությանն են տրվում, այլ կոնկրետ փաստերի և իրականության վրա են հենվում:
«Դուք համարում եք, որ մենք իրականությանը չենք տիրապետում, կարող է դրա մեջ ճշմարտություն կա, չեմ ուզում հերքել, բայց մենք լավագույն ջանքն ենք կիրառում, որ կարողանանք մարտահրավերներին դիմակայել»,-ասաց նա:
Ներսես Երիցյանը նաև նշեց, որ հարգում են նրանց կարծիքը, բայց երբեք չեն վիրավորում: «Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել և դա անթույլատրելի է, որովհետև վաղը մյուս օրը ես էլ պաշտոնի չեմ լինելու, դու էլ հոգնելու ես այդ հարցով զբաղվելուց, իրար կարող է էլի հանդիպենք, կամ դու իմ փոխարեն կարող է լինես, ես էլ քո փոխարեն, դրա համար հարաբերվելու և հարցերը լուծելու ճիշտ ձևը պետք է գտնենք»,- ասաց նա:










