«Անցյալի հոտ է գալիս». ՌԴ ԱԳՆ խոսնակը պատասխանել է ռուսական պատվաստանյութի վերաբերյալ արևմտյան երկրների քննադատություններին

21:07 • 24.09.20

ՌԴ արտգործնախարարությունը դատապարտել է արևմտյան պետությունների կողմից ռուսական բժշկական գործունեության` ներառյալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման բացասական լուսաբանումը: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովային:

Զախարովայի խոսքերով` արևմտյան երկրների նման վարքը աննախադեպ մասշտաբների է հասնում:

«Բացի այդ, խիստ բացասական երանգներով են լուսաբանվել մեր բժշկության հաջողությունները, այդ թվում`կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում»,-հայտարարել է Զախարովան:

Նա ավելացրել է, որ զարգացումների շուրջ քննարկումներ անելու փոխարեն Արևմուտքում անցյալ դարի ոգով՝ պատվերով արշավներ են սկսել:

«Համաճարակի պայմաններում խոսքի ազատության ապահովմանը հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու Մոսկվայի բոլոր կոչերը անտեսվել են արևմտյան երկրների կողմից»,-հստակեցրել է Զախարովան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։