Գոգյանը հեռացավ՝ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին. Ռուբեն Մխիթարյանը՝ ԲՈԿ նախագահի հրաժարականի մասին

12:54 • 25.09.20

Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի համոզմամբ՝ ապագայում արժանապատիվ տրանսպորտ ունենալու միակ միջոցը ուղեվարձի թանկացումն է:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հրանտ Եղիազարյանը մի 20-ամյակ հետ գնալով՝ հիշեց այն տարիները, երբ ուղևորափոխադրումը Երևանում իրականացվում էր պետական ձեռնարկությունների միջոցով՝ 50 դրամ ուղեվարձով:

 

Արդյունքում ընկերությունները, ինչպես պատկերավոր արտահայտվեց բանախոսը, հալվեցին, մաշվեցին և պարզապես ոչնչացան:

 

Հայտնվեցին նոր ընկերություններ, նոր փոխադրամիջոցներով և գնային առաջարկով: Սկզբում միայն «Գազելներ» էին, հետո ներկրվեցին մեծ ավտոբուսներ:

 

«Այսօր այդ նոր ընկերությունները գտնվում են նույն վիճակում՝ ոչնչացման շեմին: Փոխադրողների միությունը փորձում է հարթել ստեղծված իրավիճակը, բայց խաղաղ ճանապարհով հարցը, երևի, չկարգավորվի»,- կարծիք հայտնեց Հրանտ Եղիազարյանը:

 

Ըստ բանախոսի, փոխադրողների վիճակը գնալով ծանրանում է և դա ուղիղ կապ ունի ուղեվարձի մակարդակի հետ: Հրանտ Եղիազարյանը համարում է, որ 100 դրամ ուղեվարձը չի ծածկում այն ծախսերը, որ կատարում են ընկերությունները:

 

«Դեռևս 2008թ-ին ամենաբարձր կառավարական մակարդակով քննարկվել է, անկախ հանձնաժողովը հաշվարկել ու ստացել է մի թիվ՝ 138 դրամ: Անցել է 5 տարի և միայն այն պատճառով, որ ուղեվարձը չի բարձրացել, 23 երթուղի արդեն չի սպասարկվում: Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթների որևէ մեկը չի ցանկանում մասնակցել և այդ 23 երթուղի համար հայտ ներկայացնող չկա»,- հայտարարեց Հրանտ Եղիազարյանը:

 

Միակ փրկությունը, նրա խոսքով, տրանսպորտի ուղեվարձի բարձրացումն է, որը հնարավորություն կտա ավելի մեծ ավտոբուսներ ներկրել և ապահովել այնպիսի ուղևորափոխադրում, ինչպես իրենցից այսօր պահանջում է բնակչությունը:

 

«Թե ինչ գին կորոշվի առաջիկայում, հավանաբար, կպարզվի մոտ օրերս: Քաղաքապետարանում կստեղծվի հանձնաժողով, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ կընդգրկվեն այնտեղ: Հանձնաժողովը ինչ կորոշի, մենք բոլորս կվարվենք այդ որոշման համաձայն»,- հավաստիացրեց բանախոսը:

 

Եթե որոշվի, որ, այնուամենայնիվ, ուղեվարձը թանկանալու է, ապա պիտի հարությունը հասկանա, որ դա արվելու է միմիայն ստեղծված իրավիճակը փրկելու նպատակով և խոսք լինել չի կարող գերշահույթի մասին: