Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ. կան էլեկտրամատակարարման, խափանումներ. ԱՀ էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

13:23 • 27.09.20

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն այսօր կայացած ասուլիսում վերահաստատել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը և արժանի հակահարված տալիս հակառակորդին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ  տեղեկատվական շտաբը:

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ներկայացրել է առողջապահական համակարգի անելիքները, նշելով, որ բուժհիմնարկները բերվել են առաջին պատրաստության: Ցավոք, ունենք վիրավորներ և զոհեր:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանի խոսքով, ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքները: Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք:

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։