Բոլոր կամավորական աշխատանքները համակարգվում են ՀՀ ԶՈՒ-ի կողմից, ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ-ի օրենքների հիման վրա և ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության ներքո. Արծրուն Հովհաննիսյան

21:44 • 27.09.20

Այսօր  «Հայկական միասնական տեղեկատվական» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կամավորական խմբերին:

«Շատ շնորհակալ ենք բոլոր կամավորներին, ոչ կամավորներին` հայրենիքին նվիրված ծառայություն կատարելու համար: Կամավոր է, թե աշխարհազորային է, թե պահեստազորային է, թե օրենքով հաստատված իր պարտքն է կատարում, միևնույն է, մեզ համար: Այստեղ մի կարևոր բան պետք է փաստենք՝ բոլոր կամավորական աշխատանքները համակարգվում են ՀՀ-ի զինված ուժերի կողմից, ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ-ի օրենքների հիման վրա և ՀՀ-ի զինված ուժերի վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ աշխատանքներ են ընթանում ադրբեջանաիկան հաքերների կողմից կոտրված հայկական կայքերը վերականգնելու ուղղությամբ, վերջինս պատասխանեց, որ շատ ինտենսիվ աշխատում են և նշեց, որ նույնիսկ այն ժամանակ, որ չէր հայտարարվել, թե որ կայքերն են գողացված, դրանց մի մասն արդեն վերականգնվել էին: