Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց, դրսևորել զգոնություն և մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած սադրանքին․ ՀՀ ՊՆ

11:08 • 27.09.20

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։

«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ավելի ուշ նա գրել էր, որ  իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է Պողոսյանը։