Ցավոք, մենք ունենք զոհեր․ քանի որ ի սկզբանե թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհեր կան նաև քաղաքացիական անձանց շրջանում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այսօր վաղ առավոտյան լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի սահմանի ողջ երկայնքով. Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով և Լեռնային Ղարաբաղը օկուպացնել, և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է: Այս մասին ռազմական դրության հայտարարումից հետո իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի, այսինքն՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որ իրավավիճակին օպերատիվ արձագանքելու ըստ անհրաժեշտության հնարավորություն ունենանք»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ այս պահին Արցախի ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով՝ հատկապես Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մղում է մարտեր, իրադրությունը լարված է: «Ես հասկանում եմ, որ մեզ բոլորիս հետաքրքրում է իրավիճակի մանրամասներ, ցավոք սրտի, մենք ունենք զոհեր։ Քանի որ ի սկզբանե թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում: Այս պահին ֆիքսված իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զարգացման մեջ, և մեր զինվորականներն ասում են, որ իրավիճակը լարված է, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է: Մենք պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածի մեջ, ըստ էության, ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա, որովհետև, ըստ էության, կոնտեքստը հետևյալն է․ այս պատմության՝ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում, դրվում է և դեռ կդրվի կամ երկընտրանք է դրվում՝ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ»,- հայտարարեց նա:
Վարչապետը հավելեց, որ ուզում է հստակ արձանագրել՝ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին, բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է այս գիծը՝ կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ, և այս կոնտեքստն է, որ մեզ այսօր բերում է այսպիսի կոնֆլիկտի:
«Հայ ժողովուրդը պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության դիրքերում: Չափազանցություն չհնչի ասել՝ մեր հազարամյա գոյամարտի հերթական, նույնիսկ գուցե ամենակարևոր հանգրվանն է: Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի՝ մենք ունե՞նք ներուժ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե՞ մենք այդպիսի ներուժ չունենք, մենք ունե՞նք այդպիսի վճռականություն, հաստատակամություն, որ ի հեճուկս բոլոր հաշվարկների, տեղային կամ ոչ տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն: Մենք ամուր պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս հողի, այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը»,- հայտարարեց նա:










