Փարիզը Երևանին և Բաքվին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները և անմիջապես երկխոսություն սկսել: Միևնույն ժամանակ, պաշտոնական Փարիզը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ, գրում է eadaily.com կայքը:
«Ֆրանսիան, Մինսկի խմբի իր գործընկերների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, վերահաստատում է հանձնառությունը միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության երկարաժամկետ և խաղաղ կարգավորմանը», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:










