Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես․ ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:01 • 27.09.20

Այսօր ես չեմ եկել որպես գերագույն հրամանատար ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի, հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա, իսկ երբ ասում ենք, որ բոլորս զինվորներ ենք, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր միայն մի ուղերձ ունենք հղելու իրար և աշխարհին, մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմիտր չենք զիջի, մենք մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պետք է հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք».-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է հավիտյան գոյություն ունենա ՀՀ, Արցախը պետք է ապրի, պետք է լինի ինքնորոշված, հպարտ, ինչպես այսօր: «Այսօրվա մեր հավաքը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է: Պատրաստե՛ք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է և մենք միասնական ենք, քան երբևէ»,-ասաց նա: