«Հայաստանի և Ադրբեջանի համար միակ խելամիտ ուղին հրադադարն է, դեէսկալացիան և բանակցությունները». Լեհաստանի ԱԳ նախարար

16:45 • 27.09.20

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ դիվանագիտական ճանապարհով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարությունում:

«Լեհաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում ռազմական բախումների մասին տեղեկություններով: Կոչ ենք անում դադարեցնել մարտերը, ինչպես նաև վերականգնել խաղաղ բանակցությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Բացի այդ, երկրի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն նույնպես թվիթերյան գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի համար միակ խելամիտ ուղին հրադադարն է, դեէսկալացիան և բանակցությունները»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: