«Կողմերին կոչ ենք անում հնարավոր բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման համար»․ Կարմիր խաչ

18:05 • 27.09.20

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման առնչությամբ հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ԿԽՄԿ-ի՝ այսօր տարածած հայտարարությանը:

Ուղերձում նշվում է, որ ԿԽՄԿ-ն «մտահոգված է շփման գծի երկայնքով հակամարտության սրման մարդասիրական հետևանքներով» և «կողմերին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար կանոնները պահպանվեն, պաշտպանվի ու հարգվի մարդկանց կյանքը»։

Ինչպես ընդգծել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը, Կարմիր խաչը հավատարիմ է «սրացման հետևանքով տուժածներին» օգնելու իր առաքելությանը և մտադիր է «չեզոք միջնորդի դերում» հանդես գալ:

«Կոչ ենք անում կողմերին հնարավոր բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու համար»,- ընդգծել է Շուեպը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: