«Մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին». Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն դատապարտել է «Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», ինչպես նաև բանակցային գործընթացի վերականգնման և խաղաղ կարգավորման կոչ է արել:
«ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում՝ ամբողջովին անտեսելով հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու ՄԱԿ-ի կոչերը»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Ալմարգոյի հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես այն գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացների դեմ: ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարությունը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի փրկության և վերականգնման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծում է, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն բանակցությունների եղանակով, որոնք հիմնված են միջազգային իրավունքի և 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների վրա»,- հավելել է կազմակերպության ղեկավարը՝ կոչ անելով «արտասահմանյան գերտերություններին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց»:
«Մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ինչպես նաև մեր անկեղծ ցավակացությունները՝ դաժան բախումների հետևանքով գրանցված զոհերի համար»,- շեշտել է Ալմարգոն:
Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։
«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:
Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։










