«ԼՂ հյուսիսային սահմանին ռազմական գործողությունները հնարավոր սպառնալիք են Ադրբեջանից նավթի և գազի արտահանման ենթակառուցվածքների համար»․ Argus

17:04 • 28.09.20

Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմանին ռազմական գործողությունները հնարավոր սպառնալիք են հանդիսանում Ադրբեջանից նավթամուղերի և գազատարների աշխատանքի համար, գրում է Argus գործակալությունը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտության անսպասելի սրացումը հնարավոր սպառնալիք է հանդիսանում նավթագազային հանգուցային ենթակառուցվածքի համար։ Երկու երկրների զինված ուժերը ներգրավված են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում բախումների մեջ: Իսկ դա ընդամենը 30-40 կմ է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղից և «Հարավային գազային միջանցքից»»,-հայտնում է Argus-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ առկա տվյալների՝ ռազմական գործողություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմանին, և այն իսկապես գտնվում է Ադրբեջանից նավթի և գազի արտահանման ենթակառուցվածքից մինչև 40 կմ հեռավորության վրա: Հատվածն անցնում է Գյանջայի (Գանձակ- tert.am) և Եվլախի միջև։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։