ԼՂ-ում վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն աճել է. Al Jazeera-ի անդրադարձը

10:46 • 28.09.20

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում ուժգնացած ռազմական գործողությունների ֆոնին աճել է Հայաստանի և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը, գրում է Al Jazeera-ն՝ մեջբերելով Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Օլեսյա Վարդանյանի խոսքն այն մասին, որ «մենք գտնվում ենք լայնամաշտաբ պատերազմի եզրին»։

Պարբերականը նաև մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Թուրքիայի վտանգավոր պահվածքի մասին և կոչը միջազգային հանրությանը՝ «ապահովել, որպեսզի Թուրքիան չմիջամտի հակամարտությանը»։

«Մենք կանգնած ենք մեր բանակի կողքին՝ ադրբեջանական ներխուժումից մեր հայրենիքը պաշտպանելու համար»,- Փաշինյանի խոսքը մեջբերել է պարբերականը։

Ինչպես գրում է պարբերականը, համաշխարհային մի շարք առաջնորդներ կոչ են արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունները։

Անդրադառնալով շփման գոտում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողություններին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձելու է կանխել գործողությունները։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»,- ասել է նա։

ԱՄՆ պետդեպարտամենտն, իր հերթին, դատապարտել է բռնությունները իր հայտարարության մեջ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից, որը կարող են վատթարացնել իրավիճակը:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության սրումը: Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրմովին և Զոհրաբ Մնացականյանին հորդորել երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել անմիջական շփման ուղիները՝ խուսափելու համար լարվածության հետագա սրումից և անօգուտ հռետորաբանությունից»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու և նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ նշել է, որ ռազմական գործողությունները կարող են վերաճել ավելի լայն հակամարտության, և Թրամփի վարչակազմին կոչ է արել հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավել՝ Ռուսաստանին մեղադրելով «երկու կողմերին ցինիկաբար զենք տրամադրելու» համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

«Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին, միաժամանակ վերանայի անվտանգությանն ուղղված մեր սեփական ծրագրերը՝ վստահ լինելու համար, որ տրամադրվող որևէ ռազմական միջոց չի կիրառվի հարձակման համար»,- հայտնել է նա:

Եվրամիությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Հռոմի Պապը նույնպես դիմել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին կոչերով։