Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ նվազեցնել լարվածությունը ԼՂ-ում
Չինաստանի կառավարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ նվազեցնել լարվածությունը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է tass.ru-ն։
«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Մենք հույս ունենք, որ շահագրգիռ կողմերը զսպվածություն կդրսևորեն և միջոցներ կձեռնարկեն լարվածության հետագա սրումից խուսափելու համար»,- նշել է նա։
Դիվանագետը հույս է հայտնել, որ «տարաձայնությունները կկարգավորեն քաղաքական երկխոսության միջոցով»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։










