«Հրվ. Կովկասը Կասպից ծովից համաշխարհային շուկաներ նավթի և բնական գազի փոխադրման միջանցքն է». BBC-ն նախազգուշացրել է ԼՂ հակամարտության սրման տնտեսական հետևանքների մասին

12:37 • 28.09.20

Հեղինակավոր BBC լրատվամիջոցն անդրադարձել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում վերսկսված ռազմական գործողություններին։

Ինչպես նշում է աղբյուրը, նախօրեին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով սկսված մարտերը վերջին տարիներին ամենալուրջ էսկալացիան են:

BBC-ն ընդգծում է, որ ռազմական գործողությունները տարածաշրջանային հակամարտությունից կարող են վերաճել ավելի լայն սպառնալիքի։

«Հարավային Կովկասը միջանցք է Կասպից ծովից համաշխարհային շուկաներ նավթ և բնական գազ փոխադրող խողովակաշարերի համար, ուստի՝ բռնության ցանկացած ալիք կարող է սպառնալիք հանդիսանալ համաշխարհային շուկայի համար»,- ընդգծել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։