Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին փաստաթուղթ է կազմվել, տարածվել է ԵԱՀԿ-ում. հիմա աշխատանքներ են տարվում փաստաթղթերը այլ միջազգային կառույցներում տարածելու համար. Մայիլյան (տեսանյութ)

22:59 • 28.09.20

Այսօր Արցախի ԱԳՆ-ն ընդունել է նոր հայտարարություն այս ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված  հանցագործությունների մասին՝ քաղաքացիական բնակչության և օբյեկտների հանդեպ և պետք է նշեմ, որ այդ փաստաթուղթն արդեն տարածվել է ԵԱՀԿ-ում և հիմա աշխատանքներ են տարվում այդ փաստաթղթերը ՄԱԿ-ում և ուրիշ միջազգային կառույցներում տարածելու համար: Այս մասին այսօր Արցախի Հանրապետության ՊՆ-ի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ ներկայացնելով ռազմական գործողությունների ընթացքի քննարկումները քաղաքական ճակատի կողմից:

Նա նշեց, որ փաստաթղթում ներկայացված են Ադրբեջանի կողմից կատարված կոպիտ խախտումները: «Մեր մշտական ներկայացուցիչները արտերկրում արտակարգ ռեժիմով են աշխատում և հայտարարություններ տարածում Ադրբեջանի ագրեսիայի մասին: Կարելի է ասել, որ բոլոր մայրցամաքներից մեզ հաջողվել է մոբիլիզացման աշխատանքներ տանել և հաջողություն ունենք տեղեկատվական դաշտում»,-ասաց նա և հավելեց, որ այս առումով օգտագործվում է նաև ԶԼՄ-ները և պարզաբանվում են, թե ինչեր են տեղի ունեցել Արցախում:

Վերջին 24 ժամվա ամենակարևոր հայտարարություններից նախարարը համարեց ԱՄՆ դեպարտամենտի կողմից կատարված այն հայտարարությունը, որում ոչ միայն կոչ է արվում դադարեցնել պատերազմական գործողությունները և անցնել բանակցությունների, այլ նաև այնտեղ նշվում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ անթույլատրելի է: «Մենք գնահատում ենք, որ այս կոչն ուղղված է Թուրքիային և պետք է այս կոչը զսպիչ դեր խաղա իրադարձությունների մեջ»:

Մայիլյանը ներկայացրեց, որ Նիդերլանդների պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել և ընդունվել են երկու բանաձևեր, ըստ որոնց՝ պառլամենտը կոչ է անում սեփական կառավարությանը, որ նա վերջնագիր ներկայացնի Ադրբեջանին և նաև կոչ անի Թուրքիային և այլ պետություններին  զերծ մնալ ԼՂՀ-ում շարունակվող հակամարտությանը միջամտելուց: Նախարարը նշեց, որ փաստաթուղթը պետք է սեպտեմբերի 30-ին ստորագրի և հույս հայտնեց, որ Նիդերլանդների Կառավարությունն այս երկու բանաձևերը կընդունի:

Նախարարը նշեց, որ օրվա մեջ մի քանի անգամ խոսում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և համակարգված աշխատանք են կատարում, որպեսզի իրականացվեն համընդհանուր նպատակները:

ՌԴ-ի դիրքորոշման հետ կապված Մայիլյանը հիշեցրեց տավուշյան հակամարտության ընթացքում ՌԴ-ի կողմից այն հայտարարությունը, որտեղ ևս խոսվում էր երրորդ կողմերի չմիջամտելու մասին, բայց այս պարագայում Թուրքիայի կողմից ակնհայտ միջամտություն կա, սակայն ՌԴ-ի կողմից նման հայտարարություն այս անգամ չի արվել:

Խոսելով Սիրիայից Ադրբեջանին սատարող գրոհայինների մասին նախարարը շեշտեց, որ նման տեղեկությունները պետք է ներկայացնել այն մարմիններին, որոնք հարցի այս կողմով հետաքրքրված են, ըստ նրա՝ սա Ադրբեջանի միակ նման քայլը չէ, այս ադրբեջանական կողմի մարտավարության մեջ է եղել նույնիկ 1992 թվականին և վարձակններ են կռվել Ադրբեջանի կողմից, սակայն սա մեր կողմին չի վախեցնում: