ՀՀ դիվանագիտական զինանոցում թե՛ Արցախի ճանաչման, թե՛ ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա. Էդմոն Մարուքյան
Բնականաբար, ՀՀ դիվանագիտական զինանոցում թե՛ այդ հարցը կա, թե՛ ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա. կարևոր է, որ թեման հրապարակային քննարկման առարկա է դարձել, և կարծում եմ՝ իր նշանակությունն ունի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե հիմա որքանո՞վ է ակտուալ Արցախի ճանաչման հացը դնելը:
«Մենք տարբեր «զենքեր» ունենք, և դրանք չպետք է միանգամից «կրակենք». ըստ անհրաժեշտության՝ այդ հարցերը կդրվեն սեղանին»,-նշեց նա, ապա անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Արցախի ճանաչման ճիշտ պահն է:
«Ես նմանապես խոսել եմ այդ մասին, բայց պետք է դիտարկել այն հանգամանքը, որ ընդդիմությունը կարող է ավելի սուր պահանջներ դնել և պետք է դնի, իսկ իշխանությունը պետք է քննարկի այդ պահանջները: Միաժամանակ, մենք գտնվում ենք պատերազմի մեջ, և հռետորաբանությունը միջազգային, դիվանագիտական տարբեր խողովակներում տեղ է հասնում, որ այս երկրում արդեն սկսել են նմանատիպ քննարկումներ»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման հնարավոր հետևանքներին՝ Մարուքյանն ասաց՝ դրանից միշտ խուսափել ենք, որ չլինի մեծ պատերազմ. «Հիմա մենք մեծ պատերազմի մեջ ենք, և, մեծ հաշվով, կորցնելու էլ բան չունենք»,-ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց, թե միջազգային կառույցներին ուղղված նամակները տեղ են հասել. «Սա ուրիշ աշխարհ է, այս աշխարհը մարդու իրավունքների աշխարհը չէ, քաղաքակրթությունների բախման աշխարհը չէ, սա ուժեղների աշխարհ է, և հետևում է՝ որ ազգը իր ինքնասիրությունը, իր կյանքի, ապրելու իրավունքը կարողանում է պաշտպանել, նրան էլ հարգում են, ով չի պաշտպանում, ասում են՝ այդպես ստացվեց, ոչինչ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե այժմ մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները:
Հարցին՝ իր կարծիքով՝ իշխանությունների վարած քաղաքականությունը կապ ունի՞ ստեղծված իրավիճակի հետ, ԼՀԿ ղեկավարն արձագանքեց, որ քանի որ հայտարարել է՝ մի կողմ են դնում ներքաղաքական տարաձայնությունները, և ՀՀ-ում հայտարարված է ռազմական դրություն, չի կարող քաղաքական վերլուծություններ անել և գնահատականներ տալ: «Ես հիմա զինվոր եմ և կատարում եմ հրամաններ: Երբ պահը գա, և լինի դրա անհրաժեշտությունը, դրա մասին կխոսենք»,-ասաց նա:










