«Երևանն անհրաժեշտության դեպքում զենքի մատակարարման հարցով կդիմի Մոսկվային, սակայն առայժմ այդ մասին խոսք չկա». ՌԴ-ում Հայաստանի դեսպան
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Երևանն անհրաժեշտության դեպքում ռուսական զենքի մատակարարման համար պատրաստ է դիմել Մոսկվային, սակայն դեռևս այդ մասին խոսք չկա:
Դեսպանը հիշեցրել է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ «իրավիճակի մասին տեղեկացնելու, Հայաստանի կառավարության տեսլականը, ձեռնարկելիք քայլերը և ռազմական ծրագրերը ներկայացնելու» նպատակով:
«Դեռևս Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա: Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարման պայմանագրերի իրագործումը բնականոն հունով է ընթանում: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, այժմ երրորդ կողմի ՝ Թուրքիայի հետ գործ ունենք: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, առաջին հերթին Ռուսաստանին կդիմենք և հարցեր կլուծենք (զենքի հավելյալ մատակարարման մասով)»,- նշել է Տողանյանը:










