Ադրբեջանը հայտնել է քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թվի ավելացման մասին

14:23 • 28.09.20

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հայկական զինված ուժերի իրականացրած հրետանային ռմբակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվն ավելացել է՝ հասնելով 26-ի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվն այժմ 26 է: Նրանք բոլորը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ ադրբեջանական դատախազությունը հայտնել էր 19 վիրավորի մասին: Երկրի արտգործնախաար Ջեյհուն Բայրամովը ավելի վաղ հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է 6, որից 5-ը նույն ընտանիքի անդամներ են: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։