Հրետանու կիրառությունն օրվա ընթացում բավականին մեծ էր, հրետակոծվել են Արցախի հյուսիսային հատվածի բնակավայրերը, այդ թվում՝ Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

17:09 • 28.09.20

Արցախա–ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ նույն  ինտենսիվությամբ, կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները. Հայկական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ինչպես այսօր արդեն նշվել է, Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառության, այդ թվում՝ հրանետային միջոցների կիրառությամբ, նոր  հարձակումներ է սկսել, որոնք Արցախի Զինված ուժերը հաջողությամբ հետ է մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կուստներ:

«Րոպեներ առաջ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութերով հիմնավորված տեղեկություն հրապարակեց, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով և այդ ընթացքում նրանք կորցրել են ևս 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»,– ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է, ընթանում է թեթև մարտեր, այլ ուղղություններով մարտերը շարունակվում են: «Հրետանու կիրառությունը օրվա ընթացում բավականին մեծ էր, հրետակոծվել են հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտը, Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- ընդգծեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են և լրացուցիչ կհայտնեն այդ մասին: Նա նաև տեղեկացրեց, որ վիրավորների մի մասը տեղափոխվել է ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ, վիրավորների մեծ մասն ունի թեթև վիրավորում, շատերը առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարքեր և կատարում են իրենց մարտական խնդիրները:

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ վիրավորների թվի նվազում է գրանցվել, քանի որ շատերը ունեցել են թեթև վնասվածքներ և շարունակում են ծառայությունը: Այս պահին վիրավորները մոտավորապես 100-120 են։

«Հայ-ադրբեջանական սահմանին երեկվա հրետանակոծությունից հետո, ըստ էության, ՀՀ սահմանում որևէ այլ հատվածում մարտեր չեն շարունակվել, ծանր վիրավորների մասին այս պահին տեղեկատվություն չեմ կարող ներկայացնել»,- ընդգծեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց մեր հայրենակիցներին զանգերը դեպի Արցախ, զորքեր դադարեցնել կամ նվազեցնել՝ զորքերի անվտանգությունը ապահովվելու համար: