«Իրավիճակը ԼՂ-ում հղի է լայնամասշտաբ ռազմական հակամարտության վերածվելու վտանգով». Մատվիենկո

17:38 • 28.09.20

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է Մատվիենկոյի հայտարարության մեջ, որը տարածել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է, այն հղի է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվելու վտանգով: Դրանք հավասարապես սերտ և բարեկամական երկրներ են Ռուսաստանի և Համադաշնության մյուս երկրների համար: Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս կապակցությամբ ես կցանկանայի առաջին հերթին կողմերին կոչ անել անհապաղ դադարեցնել կրակը»,-ասված է հայտարարության մեջ:

Մատվիենկոն ընդգծել է, որ ցանկացած սրում կնշանակի նոր զոհեր, այդ թվում`խաղաղ բնակչության շրջանում, ինչը չի կարող արդարացվել որևէ քաղաքական նկատառումներով:

«Որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ցանկանում եմ փոխանցել անկեղծ մտահոգության և խորը անհանգստության զգացումները Լեռնային Ղարաբաղում վերջին ողբերգական իրադարձությունների հետ կապված, որով ինձ դիմում են մեր խորհրդարանական համայնքի շատ գործընկերներ, և որոնք ես ամբողջովին կիսում եմ: Մենք սատարում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` Հայաստանին և Ադրբեջանին ուղղված` մարտերը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչին: Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու համաշխարհային ուժերին զերծ մնալ այս հակամարտությանը միջամտելու ցանկացած ձևից  և պաշտպանել միջազգային հանրության գիծը` ռազմական գործողությունները դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին վերադառնալու անվերապահ առաջնահերթության մասին», - նշել է Մատվիենկոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։