«Հետագա իրավիճակը կախված կլինի արտաքին խաղացողների դիրքորոշումից». «Կոմերսանտ»-ի անդրադարձը ԼՂ հակամարտության սրմանը

14:45 • 28.09.20

Ռուսական «Կոմերսանտ» հրատարակությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում զարգացող իրավիճակի մասին՝ ներկայացնելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումները հակամարտության լուծման եղանակների մասին, ինչպես նաև  աշխարհաքաղաքական ակնարկ կատարել:

Հրատարակության համաձայն՝ նախօրեին վերսկսված պատերազմը երկու երկրի միջև արդեն երկար ժամանակ հասունացել էր:

Նշվում է, որ «Կոմերսանտ»-ի զրուցակիցները ՌԴ պետական կառույցներում ղարաբաղյան հակամարտության լուրջ սրման մասին մոտ մեկուկես շաբաթ առաջ զգուշացումներ կատարել էին:  Հրատարակության աղբյուրները հակամարտության հասունացման փաստերից են ներկայացրել հուլիսյան բախումներից հետո Ադրբեջանում ազգայնական տրամադրությունները, ինչպես նաև իրավիճակի վատթարացման առումով «կրակի վրա յուղ լցրած» Թուրքիան, որը վերջին ամիսների ընթացքում ծայրաստիճան անխոհեմ հայտարարություններ էր անում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի:

Այս պայմաններում հակամարտության գոտում հետագա իրավիճակը կախված կլինի արտաքին խաղացողների դիրքորոշումից, որոնք կարող են ինչպես ազդել իրավիճակի սրման վրա, այնպես էլ հանդես գալ միջազգային «հրշեջ ծառայության» դերում:

Կիրակի օրը հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ իրավիճակի հետագա սրացումն ու հակամարտության մեջ տարածաշրջանային ուժերի ներգրավումն անթույլատրելի է:

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ անհանգստությունը հայտնելով հակամարտության գոտում վերջին սրման կապակցությամբ: Ռուսական կողմը ընդգծել է վաղ հրադադարի ռեժիմի անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ  կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։