Կրեմլը չի կարծում, որ ԼՂ շուրջ իրավիճակի սրումը հրահրվել է ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար
Կրեմլը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը հրահրվել է դրսից` Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ոչ, չեն տեսնում»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում տեսնում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու դրսից հրահրման հավանականություն, որի նպատակն է լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Բելառուսի խնդիրներից և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կատարված դեպքից հետո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։










