«Թուրքիան Սիրիայից Ադրբեջան է տեղափոխվել շուրջ 4000 զինյալ». ՌԴ-ում ՀՀ դեսպան

15:00 • 28.09.20

Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված ստորաբաժանումներն արդեն մասնակցում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Մեր տեղեկություններով, վերջերս Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան է տեղափոխվել շուրջ չորս հազար զինյալ: Նրանց պատրաստում  են զինյալների ճամբարներում»,-հայտարարել է դեսպանը:

Տողանյանը ավելացրել է, որ այդ խմբերի ազգային կազմը որոշելը բարդ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։