«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է»․ ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսն իր աջակցությունն է հայտնել Արցախին
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Լինդա Սանչեսը Twitter-ում դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։
«Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր շահերին»,- գրել է նա։
Նա նաև ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել աշխատել Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտությունը թուլացնելու և հետագա մարդկային կորուստները կանխելու համար։
«ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:










