Արցախի անունից դրամահավաք իրականացնելու իրավասություն ունի միայն ԱՀ ֆինանսների նախարարությունն ու «Հայաստան համահայկական հիմնադրամը»
Արցախի նախագահի աշխատակազմից հաղորդագրություն են տարածել՝ անդրադառնալով Արցախին օգնելու համար տարբեր անհատների ու կազմակերպությունների սկսած դրամահավաքների մասին։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստանում է ահազանգեր առ այն, որ տարբեր անհատներ և կազմակերպություններ Արցախին օգնելու նպատակով դրամահավաքներ են կազմակերպում։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Արցախի անունից նման իրավասությամբ օժտված են բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը և «Հայաստան Համահայկական Հիմնադրամը»։ Արցախին օգնել ցանկացողները պետք է առաջնորդվեն բացառապես ԱՀ ֆինանսների նախարարության և «ՀՀՀ» հաղորդագրություններով և տրամադրած հաշվեհամարներով։ Մյուս բոլոր դեպքերում հորդորում ենք դրամական փոխանցումներ չկատարել»։










