Կարեն Շահնազարովը ԼՂ հակամարտության սրման ֆոնին Կրեմլին կողմնորոշման կոչ է արել. ՌԴ նախագահի խոսնակն արձագանքել է

15:53 • 29.09.20

Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը Կրեմլին կոչ է արել վերջնական տեսակետ ձևավորել ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, գրում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

«Ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը որոշում կայացնի։ Արդյոք կայսրությո՞ւն է, թե՞ առևտրային ձեռնարկություն, որը տեղադրում է խողովակներ և վաճառում է բոլոր ապրանքները»,- հայտնել է անվանի կինոռեժիսորը։

Ինչպես նշում է iz.ru-ն, Կրեմլն ի պատասխան Կարեն Շահնազարովի հայտարարությանը նշել է, որ հարգում են ռեժիսորի՝ ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների վրաբերյալ սեփական կարծիքի իրավունքը, սակայն Ռուսաստանը պետք է հավասարակշռված և մտածված դիրքորոշում որդեգրի այդ հարցում։

«Կարեն Շահնազարովը շատ հարգարժան մարդ է, ով մեծ հեղինակություն և տաղանդ ունի: Դրա հետ մեկտեղ ակտիվ հասարակական գործիչ է, նա իր դիրքորոշման իրավունքն ունի»,-ընդգծել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ ՌԴ-ն, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները, պարտավոր է ունենալ «արկածախնդրությունից զուրկ» դիրքորոշում։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան կապ է հաստատում և՛ Երևանի, և՛ Բաքվի, և՛ Անկարայի հետ և մանրակրկիտ վերլուծում է ստացված ամբողջ տեղեկատվությունը՝ ՀԱՊԿ գծով հետագա քայլեր ձեռնարկելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

 
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։