«ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ թուրքական կողմը որոշել է ուշադրությունը շեղել Իդլիբի ճակատից, որտեղ իրավիճակը շարունակում է սրվել»․ Al-Masdar News

11:47 • 29.09.20

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի ապէսկալացիոն գոտում, որտեղ այս տարվա մարտի սկզբից պաշտոնապես հրադադարի ռեժիմ է գործում, իրավիճակը շարունակում է սրվել: Մեծ Իդլիբի տարածաշրջանում ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում մարտեր են արձանագրվում, մեկնաբանները մատնանշում են տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականությունը, Al-Masdar News թերթին հղումով գրում է eadaily.com-ը։

Al-Masdar News թերթի աղբյուրների համաձայն՝ նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Հալեպի աևելյան մասում մարտեր են տեղի ունեցել սիրիական բանակի և Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների միջև։ Տեղեկատվության համաձայն՝ դաժան բախումները տեղի են ունեցել Ալ Բաբ քաղաքի մերձակայքում։

Նշվում է, որ կառավարական զորքերն անցած երկուշաբթի հրետանային հարվածներ են հասցրել Քաբանի քաղաքում ահաբեկիչների պաշտպանական կառույցների ուղղությամբ։

Իդլիբի ճակատի հարավային հատվածում՝ Ջեբել ազ Զավիայի լեռնաշղթայի շրջանում և Ալ-Գաբ հովտում, որտեղ գործում են «Թուրքմենստանի իսլամական կուսակցություն» և «Հուրաս ադ-Դին» ահաբեկչական խմբավորումները, նույնպես նկատվում է իրավիճակի սրման աճ:

Ինչպես նշում է աղբյուրը, Սիրիական բանակը լայնածավալ ցամաքային գործողություն է նախապատրաստում Իդլիբ նահանգի հարավային շրջաններում, քանի որ թուրքական կողմը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները Մ-4 (Հալեպ-Լաթաքիա) մայրուղուց հարավ ընկած շրջաններից «սիրիական զինված ընդդիմության բոլոր մարտիկներին» դուրս բերելու հարցում:

«Զուգահեռներ անցկացնելով Իդլիբում թեժացող իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն խարխլված ստատուս քվոյի միջև՝ կարելի է ենթադրել, որ ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ թուրքական կողմը որոշել է ուշադրությունը շեղել Իդլիբի ճակատից»,- ընդգծում է թերթը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: