Այս բախումները 2016-ի իրադարձություններից հետո ամենածանրն են. BBC News-ը՝ Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական բախումների մասին
Երկուշաբթի Հայաստանի և Ադրբեջանի համար պայքարող զորքերի միջև մարտերում տասնյակ զոհեր կան: Հակամարտության հիմքում Լեռնային Ղարաբաղի լեռնային շրջանի նկատմամբ վերահսկողության շուրջ վեճն է: Այս մասին գրում է բրիտանական BBC News լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական բախումներին:
Լրատվական ծառայությունը նաև հրապարակել է ՀՀ ՊՆ-ի կողմից ներկայացված տեսանյութերից մեկը, որում երևում է հակառակորդի ռազմական տեխնիկայի ոչնչացումը:
Հոդվածում նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում դարձել է ինքնավար մարզ և միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն 1994-ից՝ պատերազմի ավարտից հետո, այն գտնվում է էթնիկ հայերի հսկողության ներքո»:
«Երկուշաբթի երեկոյան Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հաղորդեցին, որ ևս 26 զինծառայող է զոհվել ռազմական գործողություների ժամանակ, ինչի արդյունքում ընդհանուր կորուստների թիվն անցել է 80-ը:
Մյուս երկրներն անհանգստացած են, որ վերջին ռազմական գործողությունները կարող են դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ներգրավել նաև հարևան տերությունները, այդ թվում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Նրանք նաև ձգտում են պահպանել կայունություն, քանի որ այդ տարածաշրջանով են անցնում հիմնական գազա և նավթամուղները:
Մարտերի վերջին սրացումները սկսվել են կիրակի օրվանից և Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց հակամարտության էսկալացիայի համար:
Երկու կողմերն էլ հայտարարել են զորահավաքի մասին և ռազմական դրություն հայտարարել որոշ շրջաններում»,- գրում է ծառայությունը:
BBC News-ը նկատում է, որ այս մարտերն ամենածանրն են 2016-ի իրադարձություններից հետո, երբ բախումների ժամանակ զոհվել էր նվազագույնը 200 մարդ:
«Թուրքիան հայտնել է, որ աջակցում է Ադրբեջանին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, որը ռազմաբազաներ ունի Հայաստանում, բայց նաև բարեկամական է Ադրբեջանի հետ, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը»,- նշվում է հոդվածում:










