«Հարձակվում են Հայաստանի վրա, բայց մտածում են Ռուսաստանի մասին». վրացի փորձագետը՝ ԼՂ հակամարտության «ռեժիսորների» հիմնական նպատակի մասին

19:38 • 29.09.20

«Ռուս և վրացի ժողովուրդների միասնության հիմնադրամ»-ի նախագահ, քաղաքական փորձագետ Վլադիմիր Խոմերիկին eadaily.com կայքի թղթակցի հետ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին զրույցում նշել է, որ արցախյան հակամարտության «ռեժիսորների» հիմնական նպատակը Անդրկովկասից Ռուաստանին դուրս մղելն է:

Քաղաքական փորձագետի խոսքով՝ «համաշխարհային թեժ կետերից» (Սիրիա, Իրաք, Լիբիա) վարձկան զինյալները Ադրբեջան են սկսել ժամանել դեռ մի քանի օր առաջ:

«Իմ կարծիքով՝ սկսված հակամարտությունը վաղուց ծրագրված գործողություն էր, որի հիմնական նպատակը տարածաշրջանում իրավիճակի խարխլումն ու ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանում ռազմակայան ունեցող Ռուսաստանի «ամրության» ստուգումն է: Հոգեբանորեն պահը պատահական չէր ընտրված, քանի որ Մոսկվայի վրա բոլոր կողմերից ամպեր են հավաքվում. ճնշող է Բելառուսում տիրող իրավիճակ, Ուկրաինայում նույնպես իրավիճակի սրացումներ նկատվում են»,- նշել է փորձագետը:

Նա հավելել է, որ «բարդ տարածաշրջանի» ժողովուրդներից որևէ մեկին թեժ հակամարտություն պետք չէ, սակայն դա անհրաժեշտ է Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ արևմտյան խաղացողներին:

Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանում այսօր շատերը գոռում են հայկական հողերը զավթելու ցանկության մասին, բայց պետք է հասկանալ, որ իրական ագրեսորը ոչ թե Բաքուն, այլ Անկարան և նրա թիկունքում կանգնածներն են:

«Թուրքիայի ախորժակը շատ արագ է մեծանում: Այս երկիրը փորձում է ընդլայնել իր ազդեցության ոլորտները, փորձում է վերստեղծել պանթյուրքիզմը, իսլամիզմի կենտրոն դառնալ, իսկ Թուրքիայի հետևում, իհարկե, կանգնած են ԱՄՆ-ն և այլ արևմտյան երկրներ, որոնք ցանկանում են քաղաքական միավորներ վաստակել այս ամենի հաշվին: Իսկ ահա հարևան Իրանը, չնայած Ադրբեջանի հետ հասկանալի մտերմությանը, բավականին քննադատաբար է մոտենում թուրքական նման ընդլայնողական քաղաքականությանը և, ընդհակառակը՝ կարող է իրավիճակը կայունացնող դեր ունենալ, քանի որ բավականին հավատարիմ է և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին»,- պարզաբանել է Վլադիմիր Խոմերիկին:

Ռազմական գործողություններն ամենից շատ շահավետ չեն Հայաստանի և Ռուսաստանի համար: Մոսկվան պատրաստ չէ նոր «քաշքշուկի մեջ մտնել»:

Քաղաքական գործիչը խոսել է նաև Հայաստանի՝ Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ վարած քաղաքականության մասին, ինչը ըստ փորձագետի՝ շատ հարցերում հակասում է Ռուսաստանի շահերին և անտեսում է հետխորհրդային տարածքում ստեղծված միջպետական միավորումների առաջ իր ունեցած պարտավորությունները:

«Ռուսաստանն ամբողջ ներուժով կփորձի տարածաշրջանում կանխել լուրջ պատերազմը: Բայց պետք է հասկանալ, որ ցանկացած համբերություն վերջ ունի, և օրինակ՝ Վրաստանը, որը հաշվի չէր առնում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, ի վերջո դրա համար ազգային ողբերգությամբ և տարածքի մի մասի կորստով վճարեց»,- նշել է Վլադիմիր Խոմերիկին:

Փորձագետը հավելել նաև է, որ Վրաստանը, որը չի կարող և չի ուզում ազդել իրավիճակի վրա և որը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դաշինքի մեջ է, պետք է առավել հեռատես լինի. «Այսօր Թուրքիան ցանկանում է ղեկավարել Հայաստանը, վաղն էլ կցանկանա դա անել Աջարիայում, իսկ մյուս օրը՝ ամբողջ Վրաստանում, ուստի՝ Թբիլիսին պետք է ռազմավարական մտածելակերպ ունենա և հասկանա, որ Վրաստանը նույնպես հարվածի տակ է գտնվում»,- եզրափակել է Վլադիմիր Խոմերիկին: