«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոյե Քարդաշյանը կոչ է արել իրեն միանալ իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկություններ տարածելու գործում
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քլոյե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակմանը և կոչ արել իրեն միանալ իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկությունների տարածման գործում:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս: Աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Միացեք ինձ, որպեսզի շարունակենք Արցախի հայերի դեմ Ադրբեջանի չհրահրված այս հարձակման մասին տեղեկություններ տարածել: Հայաստանն ու Արցախն իրենք են պաշտպանում իրենց, սակայն նաև միջազգային հանրության աջակցությանն են սպասում, որպեսզի վերջինս դատապարտի այս հարձակումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատի: Կիսվեք տեղեկություններով, կոչ արեք ԱՄՆ ներկայացուցիչներին խոչընդոտել հակամարտության հետագա սրումը»,- գրել է Քարդաշյանը, ինչպես նաև տրամադրել «Մենք ենք մեր սարերը», «Բոլորն Արցախի համար», «#Արցախնամուրէ» բարեգործական արշավների հասցեները, որով ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել:
Հիշեցնենք, որ օրերս էլ Արցախի կողքին կանգնելու կոչով հանդել էր եկել Քիմ Քարդաշյանը:
«Աղոթում ենք Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար: Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ քարոզչության դեպքերը»,-նշել էր նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։











