ՀՅԴ երիտասարդները ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը նամակ փոխանցեցին՝ պահանջով՝ հստակ գնահատական տալ ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիայի մասնակցությանը պատերազմին (տեսանյութ)
ՀՅԴ երիտասարդական միությունը Արամ Մանուկյանի արձանի մոտից երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: «Ադրբեջան ագրեսոր» վանկարկումներով նրանք երթով հասան Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:
Նրանք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաև այլ միջազգային կազմակերպություններից պահանջում են հստակ գնահատական տալ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, ինչպես նաև Թուրքիայի ներգրավվածությանը այդ ագրեսիային:
Քրիստինե Վարդանյանն իր խոսքում նշեց, որ նամակը փոխանցեցին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը: «Պահանջը մեկն է, որ միջազգային կազմակերպությունները հրաժարվեն երկակի ստանդարտներից և հստակ գնահատական տան՝ մատնանշելով, թե ով է ագրեսորը, նաև հստակ գնահատական տան Թուրքիայի աննախադեպ մասնակցությանն այս պատերազմին: Հստակ գնատականը կանխելու է հետագայում նման գործողությունները»,- ասաց նա:
Դաշնակցական երիտասարդներից Սևակ Նազարյանն էլ հավելեց, որ իրենք չեն եկել խնդիրների մասին բարձրաձայնելու, այլ պահանջը մեկն է՝ հստակ գնահատականներ տալ: Նա ընդգծեց, որ մեր բանակը կարողանում է լուծել մեր խնդիրները:
Նրանք նաև նույնաբովանդակ նամակներ են փոխանցելու այլ դեսպանատների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:
Այժմ Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ Վարդենիսի շրջանի գյուղերը։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։









