«Ադրբեջանը, բացառությամբ թուրքական մեդիայի, արտասահմանցի լրագրողներին թույլ չի տալիս լուսաբանել հակամարտությունը, մինչդեռ Հայաստանն ինքն է լրագրողներին հրավիրում իր տարածք». RT-ի թղթակից

11:31 • 29.09.20

Ադրբեջանն այժմ օտարերկրյա լրագրողներին թույլ չի տալիս հակամարտության գոտուն մոտենալ, սակայն թուրքական և տեղական ԶԼՄ-ները իրականացվող ռազմական գործողությունները լուսաբանելու  թույլտվություն ունեն, թվիթերյան իր օգտահաշվում գրել է ռուսական RT հեռուստաընկերության թղթակից Մուրադ Գազդիևը: 

«Ադրբեջանն այժմ հրաժարվում է բոլոր արտասահմանյան լրագրողների համար մուտքի թույլտվություն տալ: Միայն տեղական ու թուրքական ԶԼՄ-ները հակամարտությունը լուսաբանելու թույլտվություն ունեն: Մինչդեռ Հայաստանը ոչ միայն թույլ է տալիս, այլև ակտիվորեն լրագրողներին իր տարածք է հրավիրում՝ կոչ անելով նրանց գնալ ու տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։