Կա 4 զոհ քաղաքացիական բնակչության շրջանում, ակնհայտ է, որ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը և առողջությունը. Արման Թաթոյան (տեսանյութ)
Ուսումնասիրությունները ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև՝ դրանով նաև իրական վտանգի տակ դնելով ողջ բնակչությունը, առողջությունը, և այդ հարվածները հենց թիրախային են: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային:
«Կա 4 զոհ քաղաքացիական բնակչության շրջանում, ակնհայտ է, որ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը և առողջությունը: Այս գործողությունները ուղեկցվում են նաև քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու, առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ»,-ասաց նա և նշեց, որ այդ հարվածները կրում են համակարգված բնույթ:
Արման Թաթոյանն ասաց, որ բոլոր հարձակումներն ուղեկցվում են ատելության լայնածավալ ինտեսիվ խոսքով: Նա կարևորեց սոցիալական ցանցերում զգոնությունը, կոչ արեց երեխաներին չօգտվել «տիկ-տոկերից» և նշեց, որ հայկական անուն ազգանուններով կեղծ էջեր են բացվել և տարածում են հաղորդագրություններ:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը իրականացնում են մեր հայրենակիցների կյանքի իրավունքի պաշտպանությունը, քանի որ վտանգված է խաղաղ բնակչությունը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ ներկայացրած Հայաստանի գանգատին ընդդեմ Ադրբեջանի, Արման Թաթոյանն ասաց, որ այս փուլում իրավասություն չունի միջամտելու, բայց գործի ընթացքից կախված՝ կարող են դիտարկել երրորդ կողմ ներգրավելու հարցը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում:










