ՌԴ պետդուման պատրաստ է միջնորդական օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար
Ռուսաստանի պետդուման երեքշաբթի տարածել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին հայտարարություն, որում կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման համար միջնորդական օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մասնավորապես՝ ռուս պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի՝ մարդկային բազմաթիվ կորուստների հանգեցրած կտրուկ սրման առնչությամբ և խստորեն դատապարտում են ուժի կիրառումը:
«Պետդուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում առճակատման սրացումից հրաժարվելու և իրավիճակը միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին: Պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի կայունացման համար», - ասվում է տեքստում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։










