Հակառակորդն այսօր ունեցել է 500-ից ավելի մարդկային, 17 տանկի, 13 ԱԹՍ կորուստ. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ (տեսանյութ)
Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահաղացումը ձախողվել է: Ռազմաճակատի տարբեր ուղղություններով պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր, հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Այս մասին այսօր Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը՝ ներկայացնելով շփման գծում տիրող իրավիճակը:
«Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում տեղի են ունեցել ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում, բոլոր ուղղություններով, հատկապես լարված է եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: Չհամակերպվելով նախորդ օրերի անհաջողությունների հետ՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը, և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ծանր հրականետ, զինանոցում գտնվող ամբողջ հրթիռահրետանային սպառազինությունը»,-ասաց նա:
Հրամանատարի տեղակալը ներկայացրեց, որ թշնամին բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները՝ փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել են դիրքեր և փորձել են նախկին դիրքերում ամրանալ: Նրա խոսքով՝ հակառակորդը նախկին օրերին որոշակի հաջողությունների հասած տարածքներում ավելի ինտենսիվ է աշխատել, սակայն պարտություն է կրել:
«ՊԲ-ի ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները, որի հետևանքով հակառակորդը բարբարոսաբար փորձել է հարվածներ հասցնել խաղաղ բնակչության բնակավայրերին, որի վառ օրինակն է Վարդենիսի հրթիռային հարվածները, որի ընթացքում տուժել է խաղաղ ազգաբնակչությունը»,- ներկայացրեց Սարգսյանը և հավելեց, որ այս քայլերի ընթացքում մեր զինվորը միայն ցույց տվեց իր անկոտրում կամքը, վճռականությունը և փայլուն կերպով կատարեց իր առաջ դրված մարտական խնդիրները:
Նա ներկայացրեց, թե այսօրվա մարտերում հակառակորդն ինչ է կորցրել. 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկան ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500-ից ավելի: «Ցավոք, մարտերի ընթացքում մեր զորքերը ևս կորուստներ ունեն, տվյալները ճշտվում են, մի փոքր ուշ՝ պաշտոնական տեղեկատվությամբ»:
Սարգսյանը շեշտեց, որ թուրքական F-16-երի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում և ըստ նրա՝ ադրբեջանական կողմի որոշակի հաջողությունները թուրքական ձեռագրի արդյունք են:










