«Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը»․ Պեսկով

14:50 • 30.09.20

Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը, ինչի մասին լրագրողներին հայտնել  է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։

Պատասխանելով Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է․ «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք դրանց հետ»։

Նա հիշեցրել է նախօրեին հնչեցրած իր խոսքերի մասին, որ «չարժե կրակի մեջ յուղ լցնել»:

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը նախկինի պես բոլոր տարածաշրջանային երկրներին զսպվածության կոչ է անում և հատկապես հակամարտության մասնակից երկրներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։