Երբ մտածում էի Դավիթի ապագայի մասին, նրա ապագան ինձ պայծառ ու լուսավոր էր թվում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ. տնօրենը՝ զոհված Դավիթ Հակոբյանի մասին

20:00 • 30.09.20

Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած Դավիթ Հակոբյանը Աբովյան քաղաքից էր, ծնվել էր 2001 թվականին, հաճախել՝ Խաչատուր Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցը: Ընտանիքում  երկու եղբայր էին, ինքը՝ մեծն էր:

Tert.am-ի հետ զրույցում Խ. Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոց տնօրեն Մետաքսյա Բաբայանը նշում է՝ թեև ինքը Դավիթին չի դասավանդել, սակայն լավ է ճանաչել, քանի որ դպրոցի լավագույն աշակերտներից էր, միասին  հաճախ են օլիմպիադաների և հաղթանակներ բերել:

Տնօրենը ցավով պատմում է, որ ապագայի նկատմամբ մեծ ծրագրեր ուներ, որոշել էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակել դրսում՝ Քեմբրիջի կամ Հարվարդի համալսարանում: Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների հանդեպ գերազանց ունակություններ ուներ, սովորում էր Պետհամալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն առաջին կուրսի վերջում զորակոչվել է բանակ:

«Մայրը երաժշտական դպրոցում դաշնամուր բաժնի վարիչն է,  իսկ հայրը՝ ռադիոմեխանիկ է: Օրինակելի ընտանիք էին, եղբայրը հիմա մեր դպրոցի 12-երորդ դասարանում է սովորում: Եղբայրը իր նման խելացի էր, այսօր հուղարկավորության ժամանակ ասաց, որ հպարտ է, որ իր եղբայրը մահացել է հանուն հայրենիքի: Դավիթը տաղանդավոր, չափազանց խելացի տղա էր, երբ մտածում էի իր ապագայի մասին, նրա ապագան ինձ պայծառ ու լուսավոր էր թվում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ»,-նշեց Մետաքսյա Բաբայանը:

Տնօրենը հիշեց, որ Դավիթը դասերից հաճախ էր ուշանում, դպրոցում ձանձրանում էր, քանի որ դպրոցում քիչ բան ուներ սովորելու, սակայն  միշտ կանոնավոր հաճախում էր դպրոց:

«Վերջին զանգին լավագույն աշակերտներին պատվոգրեր էինք տալիս և իրեն էլ պետք է պատվոգիր տայինք, քանի որ մի  քանի օլիմպիադաներում հաղթել էր, բացման խոսքից հետո բոլորի պատվոգրերը տվեցի. իրեն եմ փնտրում, որ հանձնեմ, չի գալիս, բոլորն ասում են ուշացել է, ծիծաղեցինք: Հետո ուշացած ճեղքելով եկավ առաջ, պատվոգիրը տվեցի և ծիծաղելով ասացի՝նույնիսկ Վերջին զանգի պատվոգիրը ստանալիս ես ուշանում, այսօր  մայրը հիշելով այդ պատմությունը ասում էր՝ ամեն տեղ ուշանում էր, բայց հայրենիքի համար առաջինը զոհվեց»,-պատմեց Մետաքսյա Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։