«Հայերին չես հաղթի, ադրբեջանցիները կռվել չգիտեն». պատերազմին վարձկանների ներգրավվածության համատեքստում Արայիկ Հարությունյանը հիշեցրեց Շամիլ Բասաևի խոսքերը
Այդ հարցի ճիշտ պատասխանը տվել է չեչենական դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը՝ նշելով, որ դա իրենց պատերազմը չէ և որ հայերին չես հաղթի, ադրբեջանիցները կռվել չգիտեն: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավմանը պատերազմին:
Իրականում, Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել արցախյան հատվածում և ոչ միայն, որևէ երկրի վարձկանները դեռ օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ վարձկաններին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան և որ այդ պետությունն արդեն չի թաքցնում ամբողջատիրական իր նկրտումները:
«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան և արդեն վաղուց նրանց զինվորականների և այսօր ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:










