Զոհված Հովիկ Խաչատրյանն ազատամարտիկի տղա էր, հայրն էլ է իր տարիքում զոհվել, շուտով էլ առաջնեկը կծնվի. պատմում է համայնքապետը
1990 թվականին ծնված Հովիկ Խաչատրյանը զոհված ազատամարտիկի տղա էր, հայրն էլ իր տարիքում Ոսկեպարի մարտերին է զոհվել՝ Շուշիի ազատագրման օրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը՝ պատմելով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովիկ Խաչատրյանի մասին:
Համայնքապետը նշեց, որ զոհվածի մայրը մանկավարժ է: «Ինքն էլ նոր էր ամուսնացած և շուտով առաջնեկը կծնվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










