Թուրքական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև ես կոչով դիմել եմ քրդերին․ Ռուստամ Բաքոյան
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցում թուրքական ներգրավվածության մասին ապացույցները դառնում են անժխտելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Այդ ֆոնին թուրքական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև ես կոչով դիմել եմ քրդերին։ Շեշտեմ՝ իմ կոչը վերաբերել է բացառապես եզդիներին, ավելին՝ Rudaw քրդական հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ես շեշտել եմ, որ քրդերին և եզդիներին չի կարելի նույնացնել։
Այդուհանդերձ, ZOOM տեսագրության ժամանակ հաղորդավարը հարց ուղղելիս կիրառել է՝ «քուրդ եզդիներ» եզրույթը, իսկ դրան ի պատասխան՝ ես արձանագրել եմ՝ խոսքը Հայաստանի եղբայրական ժողովրդի` եզդիների մասին է։ Խորհուրդ կտամ թուրքական կողմին իրենց ներգրավվածության կոծկման համար չդիմել մանիպուլիացիաների։
Իմ խոսքը հստակ է և ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Հայաստանում ապրող եզդիներով կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ կյանքի ու ապրելու իրավունքի համար մղվող այս պայքարում»,- գրել է Բաքոյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:
Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










