Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել
Երեքշաբթի երեկոյան Հունաստանի խնդրանքով տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:
Հաղորդվում է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համապատասխան պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիային ուղղված նամակում:
«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,-ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հունական կողմն ընդգծել է, որ «ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական միջոցներով»:
«Հունաստանը դատապարտում է ցանկացած երրորդ կողմի միջամտությունը, որը խթանում է լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այդ ուղղությամբ արվող գործողություններից և հայտարարություններից»,- ասված է հայտարարության մեջ:
Հունաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ արտգործնախարար Դենդիասն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել «ներդրում ունենալ ճգնաժամի անհապաղ լիցքաթափման գործում»:
«Վաղը տեսակոնֆերանսի ձևաչափով նոր զրույց տեղի կունենա Մնացականյանի հետ»,-տեղեկացրել են Հունաստանի ԱԳՆ-ում:
Ըստ ԵԱՀԿ կայքի՝ երեքշաբթի կայացած Մշտական խորհրդի նիստում կազմակերպության ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ասել է, որ ինքը «մշտական կապի մեջ է (հակամարտության) կողմերի հետ», և որ դիտորդական խումբը պատրաստ է «իրավիճակի թույլ տալուն պես տեղում վերսկսել մոնիթորինգը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:
Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










